Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունից

ea7d0004464c99d60d10cb62d8608faf

Անհնար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանց տոնածառի: Դա տոնի պարտադիր անհրաժեշտությունն է: Որտեղի՞ց է ծագել տներում Ամանորին և Սուրբ Ծնունդին  այդ փշատերև ծառերի տեղադրելու ավանդույթը:
Պահպանվել են շատ լեգենդներ, որոնցից յուրաքանչյուրն յուրովի է ներկայացնում Ամանորյա տոնածառի պատմությունը: Ահա դրանցից մի քանիսը:
Ամանորյա գիշերը բոլոր բույսերը գնացել էին Բեթղեհեմ`երկրպագելու մանուկ Հիսուսին: Առաջինը եկել էին արմավենիները, այնուհետև տարաշխարհիկ ծառերը`հաճարենիները, բարդիները, թխկիները, կաղնիները, մագնոլիաները, կեչիները, էվկալիպտները, հսկա կարմիր ծառերը և բարձր մայրիները: Իսկ  հեռավոր ցուրտ հյուսիսից եկել էր փոքրիկ եղևնին, որը այդ վեհասքանչ ծառերի մոտ  շատ համեստ էր: Ծառերն ամեն կերպ փորձում էին թաքցնել եղևնուն Աստվածային Մանուկից:  Բայց հանկարծ երկնքում հրաշք է կատարվում. սկսվում է աստղերի շարժումը: Նրանք սկսում են  ընկնել գետնին, և  մեկը մյուսի վրա ընկնելով, իջնում են  փոքրիկ եղևնու ճյուղերին, մինչև նա չի փայլատակում հարյուրավոր լույսերով: Այդպես եղևնին դառնում է  տոնածառ:
Մեկ այլ լեգենդի համաձայն` հրեշտակները գնացել էին անտառ` տոնածառ ընտրելու: Սկզբում նրանք ուզում էին ընտրել ամենակարող կաղնուն: Բայց հրեշտակներից մեկն ասում է. «Ոչ, մենք չենք կարող ընտրել կաղնուն, քանի որ  այն չափազանց պինդ և չափազանց փխրուն փայտ ունի, բացի այդ, կաղնուց են պատրաստվում գերեզմանների  խաչերը» : Այնուհետև հրեշտակները շարունակում են ճանապարհը և մոտենում  հաճարենուն: Սակայն երկրորդ  հրեշտակը ասում է.« Հաճարենին մենք նույնպես չենք կարող ընտրել, քանի որ աշնանը այն շատ վաղ է թոշնում և արագ  կորցնում իր սաղարթը»: Երբ նրանք մոտենում են  բարդուն, երրորդ հրեշտակն ասում է. «Բարդին նույնպես  հարմար չէ , քանի որ նրա ճյուղերը սովորաբար որպես խարազան են օգտագործում մեղավորներին պատժելիս»: Նույն կերպ մերժվում է  նաև ուռենին, քանի որ չորրորդ  հրեշտակի կարծիքով` գրեթե միշտ լացող ծառը չի կարող ուրախության խորհրդանիշ լինել: Վերջապես հրեշտակները մոտենում են  եղևնուն: Նրա մշտադալար ծածկույթը, վայելչակազմությունը, փշատերևի հաճելի բուրմունքը հիացնում են նրանց:
Այդպես եղևնին դառնում է Սուրբ Ծննդյան ծառը:

Ամենաարտասովոր 5 տոնածառն աշխարհում

Ամանորյա տոնն, անկասկած, էլ ավելի ջերմ ու գեղեցիկ է դառնում շքեղ տոնածառերի զարդարմամբ: Տոներին ընդառաջ Luxlux.net-ը ներկայացրել է ամենաարտասովոր տոնածառերը:
Մաքուր ոսկուց պատրաստված տոնածառ
Այս տարի Ճապոնիայի մայրաքաղաքում ներկայացվել է ամենաշքեղ տոնածառը՝ պատրաստված մաքուր ոսկուց, որն ստեղծել է Տոկիոյի հայտնի ոսկերիչը: 2.5 մետր բարձրություն ունեցող ամանորյա գեղեցկուհին կշռում է 12 կգ: Բացի այդ՝ այն զարդարված է 50 խոլորձներով, 50 ոսկյա սրտիկներով: Ոսկյա գեղեցկուհու ընդհանուր արժեքը կազմում է 2 մլն դոլար:


Շոկոլադե տոնածառ
Մաքուր շոկոլադից պատրաստված փարիզյան տոնածառը կարելի է համարել ամենայուրահատուկ տոնածառերից մեկը: Անցյալ տարվա դեկտեմբերին հրուշակագործներն այն պատրաստել էին 4 տոննա սև շոկոլադից: Այս գործընթացն անձամբ ղեկավարել է հայտնի ֆրանսիացի շոկոլադագործ Պատրիկ Ռոժերը:


Լողացող տոնածառ
Բրազիլիայում որոշել են ստեղծել ամենաշքեղ լողացող տոնածառը: Ռիո դե Ժանեյրոյի Լագոա լճում անցյալ տարի տեղադրել են հսկա լողացող տոնածառը, որը կշռում էր 542 կգ: Գեղեցկուհու բարձրությունը կազմել է 85 մետր: Այն զարդարվել է 3 մլն լապտերներով, որոնցով սուրբծննդյան պատկերներ էին ստեղծվել:


Տոնածառ՝ համբույրների համար
Անցյալ տարի Լոնդոնում տեղադրվել է թերևս՝ ամենայուրահատուկ տոնածառը, որը լուսավառվում էր համբույրի ժամանակ: Այն զարդարել էր հանրահայտ Քովենթ Գարդեն թաղամասը: Տոնածառի լույսերը վառվում էին, երբ զույգը, մոտենալով դրան, երկու ձեռքով վերցնում էր ճյուղերը, միացնում իրար և համբուրվում:


Ստորջրյա տոնածառ
Մի քանի տարի առաջ Խորվաթիայում Սուրբ Ծնունդից առաջ տեղադրվել էր աշխարհի միակ ստորջրյա տոնածառը, որը խաղալիքներով և տարատեսակ լապտերներով զարդարել էին ջրասուզորդները: Տոնածառի բարձրությունը հասնում էր 8 մետրի, և այն երեկոյան ժամերին երևում էր ջրի տակից, երբ վառվում էին տոնածառի լույսերը: